FreeStyle

Ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է. Սամվել Մարտիրրոսյան

Հայաստանցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրրոսյանի կարծիքով, ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է, և այնտեղ աշխատում են լավ մասնագետներ, ովքեր անընդհատ մարդկանց մանիպուլացման նոր գործիքներ ու մեթոդներ են փնտրում:

«Այսօր հնարավոր է ժամերի ընթացքում խուճապ տարածել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Տեղեկատվությունն այնքան արագ է տարածվում, որ մարդկանց համար գրեթե անհնար է նույնականացնել ապատեղեկատվությունը»,- ասում է Սամվելը:

2020 թ.-ի մարտին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակեց հատուկ զեկույց՝ «Ապատեղեկատվություն կորինավիրուսի վերաբերյալ» վերտառությամբ, որում առանձին բաժնով ներկայացված է «կրեմլամետ ապատեղեկատվությունը»:

Միայն փետրվար-մարտ ամիսներին EUvsDisinfo ռեսուրսի տվյալների շտեմարանում գրանցվել է ռուսամետ լրատվամիջոցների կողմից տարածված կորոնավիրուսային ապատեղեկատվության ավելի քան 110 օրինակ: Այս օրինակները համապատասխանում են Կրեմլի ավանդական ռազմավարությանը, այն է՝ սերմանել անվստահություն և քաոս, խորացնել հասարակության շրջանում մտահոգություն առաջացնող ճգնաժամային իրավիճակներն ու հիմնախնդիրները: Ընդ որում, ռուսաստանյան լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությամբ վիրուսը որակվում էր որպես արտաքին ագրեսիայի ձև՝ պնդելով, որ կորոնավիրուսը սկիզբ է առել գաղտնի ամերիկյան կամ արևմտյան լաբորատորիաներից: Միջազգային լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությունը կենտրոնացած էր «համաշխարհային էլիտաների» վերաբերյալ դավադրության տեսությունների վրա, որոնք նպատակաուղղված կերպով վիրուսն օգտագործում են որպես զենք՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին:

Շոկ հարուցող կամ դավադրության տեսությունների միջոցով հաղորդվող կեղծ և մանիպուլյատիվ լուրերի մեծ քանակությունն աստիճանաբար փոխում է տեղեկատվության ընկալումը: Սկզբում մարդիկ պարզապես չեն ընկալում ապատեղեկատվությունը, հետո նրանք ուղղակի չեն հավատում դրան, բայց հետո՝ նմանատիպ նյութերի հաճախակի սփրդման պատճառով, մարդիկ արդեն սկսում են կասկածել: Հենց այս նպատակին են ձգտում հասնել տեղեկատվությունը շահարկող կազմակերպություններն ու երկրները:

2017 թ.-ին Եվրոպական միությունը գործարկեց euvsdisinfo.eu ռեսուրսը՝ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Այն վարվում է երեք լեզվով` անգլերեն, ռուսերեն և գերմաներեն: Կայքն ունի ապատեղեկատվության տվյալների շտեմարան, որում հավաքվել է մոտ 8 հազար օրինակ (2015 թ.-ից ի վեր):

Ապատեղեկատվական հաղորդագրությունների կեսի թիրախում Խորհրդային Միությանը նախկինում մաս կազմած վեց երկրներ են. Ադրբեջան (31), Հայաստան (80), Մոլդովա (132), Բելառուս (252), Վրաստան (345), Ուկրաինա (3193): Հենց նրանց է Ռուսաստանն արդեն երկար ժամանակ ցանկանում պահել իր ազդեցության ուղեծրում:

Այս երկրների դեմ կիրառված ապատեղեկատվության օրինակներից շատերն ուղղված են խուճապի սրմանը, ներքաղաքական իրավիճակի խաթարմանը, ահաբեկմանը կամ ռազմական լարվածության թեժացմանը (Ուկրաինայի դեպքում): Ուղերձները հաճախ պարզապես անհեթեթ են թվում, հաճախ էլ ունեն բացահայտ ստի կամ շրջադարձված տեղեկատվության տեսք: Բայց դրանից դրանց արդյունավետությունը չի նվազում:

«Ապատեղեկատվության ամենաբարձր մակարդակի հետ Ուկրաինան առնչվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբաս ներխուժման ժամանակ: Դրանք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հիբրիդային քարոզչական գործիքներ էին», – ասում է ուկրաինական «Сегодня» առցանց լրատվամիջոցի քաղաքական մեկնաբան Կրիստինա Զելենյուկը:

«Բացահայտ սուտը հեշտ է նկատել, բայց թեթև ստերը կամ փաստերի մանիպուլյացիան՝ ավելի դժվար է: Խորհրդակցեք մասնագետների հետ` տարբեր թեմաներով: Սովորեք տարբերել փաստերը սուբյեկտիվ կարծիքներից: Մի հավատացեք ամեն ինչի: Միշտ կասկածեք, մտածեք և հարցեր ուղղեք»,- եզրափակում է ուկրաինացի հեռուստահաղորդավար և բլոգեր Ռոման Վինտոնիվը:

Աղբյուրը: NT.am