FreeStyle

«Genesis Armenia». համահայկական մտավոր ներուժի համախմբման մեկնարկը տրված է

Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Աբրահամ Գասպարյանն ազդարարեց համահայկական մտավոր ներուժի համախմբման մեկնարկը՝ հայտարարելով, որ նախաձեռնությունն արդեն ունի տարբերանշան և անուն՝ «Genesis Armenia»։

«Genesis-ը լատիներեն բառ է, որը նշանակում է ինչ-որ բանի սկիզբ, ակունք, մեկնարկ։ Genesis Armenia-ն խորհրդանշելու է նոր՝ ամուր, անվտանգ, գիտելիքով զինված, մրցունակ ու հեռանկարային Հայաստանի ստեղծման մեկնարկը»,-ասաց Աբրահամ Գասպարյանը։

«Genesis Armenia»-ն ապակուսակցական, հայակենտրոն նախաձեռնություն է, որը մեծապես աշխատելու է կամավորության հիմունքներով, ֆինանսավորվելու է հանգանակություններով ու նվիրատվություններով։ Այն համախմբելու է մեր հայրենակիցների գիտական ու հետազոտական ներուժը, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։ Որպես միասնական հարթակ՝ ծառայելու է հային ու Հայաստանին՝ աշխարհի բոլոր անկյուններում:

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ նախաձեռնության շրջանակում մշակվելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարժամկետ ռազմավարություններ, որից հետո սկսվելու են մասնագիտական խմբերով քննարկումները։ Զուգահեռ բանակցություններ են ընթանալու պետական ու մասնավոր հատվածների հետ։

Նախաձեռնության հեղինակը պատասխանեց նաև ամենից հաճախ տրվող հարցերին՝ ո՞վ է այս նախաձեռնության իրական հեղինակը, ովքե՞ր են կանգնած Աբրահամ Գասպարյանի թիկունքին, ո՞վ է ֆինանսավորում նրան, «ու՞մ մարդն» է Աբրահամը, արդյո՞ք սա քաղաքական պրոյեկտ է կամ PR տեխնոլոգիա:

«Նախաձեռնության իրական ու միակ հեղինակը Աբրահամ Գասպարյանն է․․․Իմ թիկունքին իմ ընտանիքն է՝ իմ կինը, եղբայրը, մայրը, քույրը, իմ ընկերներն ու Արմնյուզի իմ գործընկերները: Հայրս լուսահոգի է, և ես նրա շիրիմո՛վ եմ երդվել, իմ ավագ որդու գլխով և իմ զոհված ընկերների՝ Եռաբլուրում հանգստացող տղերքի արյամբ: Սա ասում եմ, որպեսզի տգիտության ճահճում լողացող և իրենց տերերի ձեռքում որպես թաշկինակ ծառայող անմեղսունակները չհամարձակվեն բերանի ծամոն դարձնել իմ այս նշած երեք սրբությունները՝ հայրենիքի իմ անկյունում հայրիկիս գերեզմանը, ավագ որդուս կյանքն ու իմ զոհված ընկերների արյունը․․․ իմ քաղաքագիտական վերլուծությունները, հրապարակախոսությունը, անկաշառ անցյալն ու ներկան, իմ շիտակ խոսքը»,- հայտարարեց Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ նախաձեռնության մեկնարկին նախորդած 25 օրվա ընթացքում մշակվել է նախնական հայեցակարգ, կատարվել է ցանցային աշխատանքի հնարավորությունների հետազոտում, ձևավորվել է տվյալների բազա, մշակվել բազայի կառավարման անվտանգության համակարգ։ Մեկ ամսում նախաձեռնությանը միանալու հայտ է ներկայացրել շուրջ 2 000 մարդ` ուղարկելով շուրջ 1 500 CV, հարյուրավոր նախագծեր, առաջարկներ ու ծրագրեր։

Տասնյակ հանդիպումների արդյունքում արդեն իսկ ավարտին է մոտենում ոլորտային համակարգողների խմբի կազմավորումը։ «Genesis Armenia»-ի շրջանակում աշխատանքային խմբեր են ձևավորվել Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Իսկ տեխնիկական և կազմակերպչական հարցերով, թարգմանություններով, ինչպես նաև հետադարձ կապի ապահովմամբ զբաղվել ու կզբաղվի ամեն օր նոր անդամներով համալրվող կամավորների «ջոկատը», որի օգնությամբ նաև հնարավոր դարձավ անխոտան կազմակերպել «Genesis Armenia»-ի՝ մոտ 600 հյուրերի մասնակցությամբ շնորհանդեսը։

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Վարդանյանի աջակցությամբ 2021 թ․-ի սկզբից կսկսի գործել «Genesis Armenia»-ի գրասենյակը։ Պատրաստման ընթացքում է նաև genesisarmenia.org կայքը, որի նախնական տարբերակն արդեն հասանելի է օգտատերերին։ Իսկ նախաձեռնության տարբերանշանը, խորհրդանշական գույներն ու շնորհանդեսին վիզուալ ներկայությունը հնարավոր դարձավ ապահովել «Թումո» դիզայն ստուդիայի շնորհիվ։