FreeStyle

Հայկական նորաձեւությունը և արդի միտումները

Միշտ փոփոխվող նորաձեւությունը գրավում է ժամանակին համընթաց քայլելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու ուշադրությունը: Հայկական նորաձեւությունը ևս անմասն չի մնացել գլոբալացում կոչվող երեւույթի ազդեցությունից:

Մասնագետները ընդգծում են, որ մեր օրերում, երբ նորաձեւությունը բացահայտ ընթանում է գլոբալացման ճանապարհով, համաշխարհային մեծության նորաձեւության տները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ազգային հագուստի վրա` որպես էթնիկ մշակույթի մի մաս:

Իսկ հայ ժողովրդի ստեղծած ազգային զարդանախշերի, գործվածքների համադրությունը հրաշալի զինանոց է հայ դիզայներների համար:

Բնական է, որ հայկական նորաձեւությունն էլ պետք է հետեւեր ժամանակի թելադրանքին ու ազգային տարրերի առկայությունով յուրօրինակ շունչ եւ տեսք հաղորդեր ժամանակակից հագուստին:

Հայ դիզայներից առաջիններից մեկը Մարգարիտա Պետրոսյանն էր, ով սկսեց միջնադարյան ազգային տարրերը վերածել ժամանակակից նորաձևության:

Պատմելով իր՝ «Ռենեսանս» կոչվող նախագծի մասին՝ դիզայները ուկրաինական Aspekty.net լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ պարզաբանեց, թե ինչու՞ է այն հենց վերածնունդ անվանել։ «Ազգային ոճով ժամանակակից հագուստ ստեղծելու գաղափարը վաղուց էր օդում թևածում։ Դիզայներներից շատերն են էթնո ոճում օգտագործում տարազի էլեմենտները, ասեղնագործությունը, համապատասխան գործվածքներն ու գույները։

Այնինչ, ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան վերածննդի դարաշրջանի հայ մանրանկարիչների և ճարտարապետների աշխատանքները: Մեր խաչքարերի զարդապատկերների (օրնամենտների) միահյուսումները, թռչունների, առյուծների ու վիշապների պատկերներով Ավետարանների նկարազարդումները գրավում էին իրենց գեղեցկությամբ ու ասես «տենչում» դրոշմվել գործվածքների վրա: Արդյունքում «ծնունդ առան» առօրյա և երեկոյան հագուստներ՝ գործվածքի վրա արծաթե թելերով և մետաքսով արված ասեղնագործությամբ, որոնց մեջ ասես վերածնվում է միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: «Ռենեսանս» հավաքածուի յուրաքանչյուր հագուստի հետ տրամադրվում է անձնագիր — բրոշյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված մանրանկարի հեղինակի մասին, ինչպես նաև նշված է յուրաքանչյուր զարդապատկերի նշանակությունն ու դպրոցը, որին պատկանում է տվյալ զարդապատկերը»: