FreeStyle

Հայաստանը ցանկանում է ավելի շատ ուկրաինական հացահատիկ ներկրել

Հայաստանը շահագրգռված է իր շուկա հացահատիկի եւ եգիպտացորենի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ։ Ուկրաինան, անկասկած, չափազանց գրավիչ գործընկեր է այս ոլորտում։ Այնուամենայնիվ, թանկարժեք նյութատեխնիկական ապահովումը (լաստանավով տեղափոխում) կարող է խանգարել:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին էր խոսքն Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության (ՈւԱՁՄ) նախագահ Անատոլի Կինախի հանդիպմանը։ Առցանց զրույցին միացել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Կողմերը նշել են, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը դեռ չի համապատասխանում տնտեսությունների ներուժին. տարեկան շրջանառությունը 140-150 մլն դոլարի սահմաններում է։ Դրա 90 տոկոսը, ըստ էության, ուկրաինական արտահանումն է։

Դրականն այն է, որ վերջին տարիներին առաջին անգամ կայացել է Ուկրաինա-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին քննարկվել է գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Պլաններում բիզնես ֆորումի կազմակերպումն է։ Նաեւ Կիեւում արդեն երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ռոուդ-շոու (հանդիպումների շարք) է անցկացվել: Հայաստանի Ներդրումների խթանման կենտրոնի եւ UkraineInvest-ի միջեւ հուշագիր է ստորագրվել:

Սակայն դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնք չեն նպաստում ապրանքաշրջանառության աճին։

«Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել հացահատիկի եւ եգիպտացորենի մատակարարումները, Ուկրաինան մեզ համար գրավիչ գործընկեր է։ Խոչընդոտը թանկ լոգիստիկան է։ Մենք արդեն խորհրդակցություններ ենք անցկացնում Վրաստանի հետ, որը նույնպես կցանկանար այդ ապրանքները ներմուծել Ուկրաինայից, կներգրավենք մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի գուցե միասին մտածենք Ukrferry-ի (լաստանավային բեռնափոխադրումներ Ուկրաինայից – խմբ.) ծախսերի ամորտիզացման մեխանիզմների մասին եւ դրանով իսկ լուծել այս հարցը»,- նշել է նա։

Իր հերթին, ՈւԱՁՄ-ի նախագահն առաջարկել է Ուկրաինայի եւ Հայաստանի գործարար շրջանակներին համակարգված երկխոսության սկսել։ Դա հնարավորություն կտար բարձրացնել ապրանքաշրջանառության ցուցանիշները, ինչպես նաեւ միասնական դիրքորոշում որդեգրել լոգիստիկայի, երբեմն՝ սակագների կարգավորման եւ այլնի հարցերում։

«Դրա համար մենք երկկողմանի գործարար խորհուրդների յուրահատուկ մեխանիզմ ենք ներդնում։ Առաջին նման փորձնական նախագիծը Լիտվայի հետ էր, այդ խորհուրդը գործում է արդեն 9 տարի։ Այս ընթացքում մենք յուրաքանչյուր տարի ավելացնում ենք ապրանքաշրջանառության ցուցանիշները եւ այժմ դրանք ավելի քան 1.5 միլիարդ դոլար են կազմում։ Սա այն է, ինչ մենք առաջարկում ենք նաեւ Հայաստանում»,- ընդգծել է Անատոլի Կինախը։
«Առաջնահերթ խնդիրն է տնտեսությունները համագործակցության բերել ինովացիոն եւ արդյունաբերական համալիրի հեռանկարային ոլորտներում: Դրանք են ՏՏ-ն, էներգետիկան, տրանսպորտային ճարտարագիտությունը, ավիացիան, իհարկե, տրանսպորտային լոգիստիկան եւ դրա զարգացման արդյունավետ լուծումները»,- ամփոփեց ՈւԱՁՄ նախագահը։

Կողմերը պայմանավորվել են, որ ՈւԱՁՄ-ն դեսպանությանը կտրամադրի բիզնես խորհրդի բոլոր առաջարկները: Նաեւ երկու երկրների դիվանագետները կաջակցեն Հայաստանում համապատասխան բիզնես կազմակերպությունների որոնմանը, որոնք դրա համահիմնադիրներն են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում ուկրաինահայերից էլեկտրալցակայանների թիվը սրընթաց աճում է, նախատեսվում է ընդլայնել նաեւ աշխարհագրությունը։ Օրերս Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպել էր Ուկրաինայի քաղաքական եւ հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակության աննախադեպ այցը Հայաստանի մայրաքաղաք։ «Մեր նպատակն է նոր հզոր լիցք հաղորդել Կիեւի եւ Երեւանի հարաբերություններին»,- AnalitikaUA.net-ին տված մեկնաբանությունում ասել է այցի նախաձեռնող, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։