FreeStyle

Ուկրաինայի անկախության ճանապարհը. Երևանում ցուցադրվեց “Անվերադարձ ճանապարհ” վավերագրական ֆիլմը

Հոկտեմբերի 5-ին Կինոյի տան փոքր դահլիճում «Ալիք Մեդիայի» նախաձեռնությամբ ցուցադրվեց «Ֆակտում» հասարակական կազմակերպության եւ «Վերսուս» ստուդիայի համատեղ արտադրած «Մայդան։ Անվերադարձ ճանապարհ» վավերագրական ֆիլմը։

Բազմամարդ դահլիճում ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է Ուկրաինայի նորագույն պատմությունը՝ 1990-ից մինչեւ 2020 թվականը։

Վավերագրության հեղինակ, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը համառոտ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը եւ ելույթի ավարտին ասաց. «Եթե հարցնեք՝ հայ վավերագրողն ինչ նպատակով է անդրադարձել այս թեմային, կասեմ, որ սա թեեւ Ուկրաինայի պատմությունն է ներկայացնում, բայց հավասարապես Հայաստանի մասին է, քանի որ գլխավոր թեման 90-ականների սկզբին նվաճված անկախությունն է եւ այն փայփայելու ջանքը»։

Ցուցադրությունից առաջ խոսք ասաց նաեւ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Կուլիկը. «Ուկրաինայի համար Մայդանը բառ չէ, այլ գործողություն, իրական քայլեր դեպի ժողովրդավարության, ազատության եւ անկախության արժեքներ»։

Ուկրաինացի դիվանագետը ոգեկոչեց Մայդանի առաջին զոհերից մեկին՝ Սերգեյ Նիգոյանին. «Վստահ եմ, նա հպարտ կլիներ երեւանյան այս պրեմիերայի համար»։

Սերգեյ Կուլիկը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծագործական կազմին, հայաստանյան Epress եւ «Ալիք Մեդիա» կայքերի աշխատակիցներին, որոնք պատերազմի օրերին փորձում են ճշմարտացի տեղեկություններ տալ ծավալվող իրադարձությունների մասին՝ ժամանակ առ ժամանակ լինելով Ուկրաինայում։

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները հրավիրվեցին հյուրասիրության Կինոյի տան նախասրահ, որտեղ ցուցադրվում էին Գարս Խաչատուրովի պատերազմի օրերին արած լուսանկարները։

Նրա նախաձեռնությամբ եւ միջոցներով միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էր հրավիրվել բանդուրահար Նադյա Լեւենկոն, որն իր գործիքային եւ վոկալ կատարումներով ուկրաինական ջերմ միջավայր ապահովեց։

«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժ «Մայդան. Անվերադարձ ճանապարհ» ֆիլմը Ուկրաինայի մասին»