FreeStyle

Ռուսաստանի պարտությունը կբացի Ղարաբաղի հակամարտությունը ճիշտ լուծելու հնարավորություն. Պոդոլյակ

«Ազատություն». – Արդյո՞ք Ուկրաինան զենք տրամադրել է Ադրբեջանին, որն օգտագործվել է ղարաբաղյան պատերազմում: Ես մասնավորապես նկատի ունեմ ֆոսֆորային ռումբեր:

Միխայիլ Պոդոլյակ. – Անշուշտ, ոչ։ Տեսեք: Ուկրաինան պաշտոնապես չեզոք կարգավիճակ ունի: Եվ մենք հնարավորինս նվազագույնի հասցրեցինք ինչ-որ տեղ զենք մատակարարելու հնարավորությունը, հատկապես հակամարտությունների կետեր։ Այո, մենք զենքի վաճառքի սեգմենտ ունեինք, բայց սա, որպես կանոն, զենքի «սպիտակ» վաճառք էր՝ լիարժեք պայմանագրերով, արտահանման վերահսկողությամբ և այլն։ Որևէ իմաստ չկա վիճելի, կոնֆլիկտային իրավիճակներում մասնակցել այս կամ այն երկրի կողմից, որպեսզի հակամարտությունն աճի կամ հրահրվի։

Մենք այս առումով նման չենք Ռուսաստանին, որը անշուշտ կարող է տարբեր սխեմաներով տարբեր երկրներին տարբեր զենքեր մատակարարել, այդ թվում՝ այս կամ այն հակամարտող կողմերին, դարձյալ ոչ հրապարակային, ոչ «սպիտակ» գործարքների շրջանակներում՝ հակամարտություն հրահրելու համար, որ այն չմարի: Սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ ներքին ու արտաքին հակամարտությունների մշտական հրահրում և հակամարտող կողմերի մշտական աջակցություն, իսկ այդ աջակցությունը լինում է անուղղակի՝ միջնորդավորված: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պարտվի: Որովհետև այդ հակամարտություններից շատերին աջակցում է միայն Ռուսաստանի բավական տարօրինակ քաղաքականությունը։ Ուկրաինան այս հարցում միշտ թափանցիկ է եղել։ Ես կարող եմ լրիվ պաշտոնապես ասել, որ մենք չափազանց բծախնդիր ենք ցանկացած զենքի մատակարարման հարցում, որը եղել է նախապատերազմյան շրջանում։ Հիմա դա առավել ևս անհնար է։ Եվ նույնիսկ այդ ժամանակ դա անհնար էր։

«Ազատություն». – Հաջորդը։ Ինչո՞ւ Ուկրաինան չի դատապարտել Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումները վերջին երկու տարում, այլ հակառակը՝ ուկրաինաադրբեջանական հարաբերություններն ամրանում են: Գիտեք՝ այստեղ անգամ զուգահեռ են անցկացնում, որ Հայաստանի վրա էլ իր բռնապետ հարևանն է հարձակվում:

Միխայիլ Պոդոլյակ. – Սա ավելի բարդ հարց է։ Ինձ թվում է, որ դա պետք է քննարկվի արտգործնախարարների մակարդակով, և, համապատասխանաբար, կան հարթակներ, որտեղ միանգամայն խելամիտ կլինի քննարկել փոխադարձ պահանջատիրության հարցերը։

Հասկանում եք, թե ինչն է քրոնիկ հակամարտությունների տարբերությունը, իսկ հիմա խոսում եք քրոնիկ, երկարաժամկետ տարածքային հակամարտության մասին, որը գոյություն ունի, եթե ճիշտ եմ հիշում, արդեն 20 կամ նույնիսկ ավելի տարիներ։ Ըստ այդմ, ինձ թվում է, որ այդ հակամարտությունները պետք է չինեին, եթե չխառնվեր Ռուսաստանը։

Ես ուզում եմ անընդհատ շեշտել սա, որովհետև քչերն են հասկանում, բոլորը ինչ-որ երկրորդական պատճառներ են փնտրում։ Դուք պետք է հասկանաք երկու բան. նախ, կան միջազգային կառույցներ և հարթակներ, որտեղ պետք է շատ բաց ու կոշտ քննարկել թե՛ հակամարտության պատճառները, թե՛ դրա լոգիստիկ կարգավորման հնարավորությունը, հատկապես՝ տևական հակամարտության պարագայում։ Եվ կա մի երկիր, որն անընդհատ արգելափակում է իրական քննարկման հնարավորությունը, ստեղծում է ինչ-որ խմբեր 5 + 2 կամ 1 + 4 ձևաչափերով հակամարտությունը քննարկելու համար: Դա Ռուսաստանն է: Չեն կարող լինել միաչափ լուծումներ, բայց Մոսկվան միշտ արգելափակելու է դրանք։

Հենց Ռուսաստանը պարտվի պատերազմում ու դադարի ակտիվ հրահրել այդ հակամարտությունները՝ անընդհատ ավելացնելով լրացուցիչ կոնֆլիկտային իրավիճակներ ու սադրանքներ, մենք բոլորս կկարողանանք հանգիստ նստել ու քննարկել տարբեր կետերը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Մերձդնեստրը, Օսիան և այլն։ Կարծում եմ, որ կլինեն այլ թեժ կետեր ևս՝ քրոնիկ հակամարտություններով, որոնցից շատերի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Մենք կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել՝ նկատի ունեմ միջազգային կառույցների շրջանակներում, նույն ՄԱԿ-ում։ Եվ դա շատ ճիշտ կլինի։

Այսօր, ցավոք, հրապարակայնորեն արված ցանկացած հայտարարություն… Հիշում ենք 2014 թվականը, երբ Ռուսաստանը ռազմական ճանապարհով բռնակցեց Ղրիմի թերակղզին, բավական դաժան խախտելով միջազգային իրավունքը, մենք հիշում ենք բազմաթիվ հայտարարություններ այդ քայլի անթույլատրելիության մասին: Բայց, ցավոք, այդ տեղեկատվական հայտարարությունները թույլ չտվեցին դադարեցնել Ղրիմի օկուպացիան ու Ռուսաստանին վերադարձնել միջազգային իրավունքի շրջանակ։ Հետևաբար, ինձ թվում է, որ ձեզ համար նաև շատ կարևոր է ոչ թե հայտարարություն, որը կանի Ուկրաինան, այլ հստակ քայլ առ քայլ օրինական ամրագրված լոգիստիկ պլան, թե ինչ, երբ և ինչպես դա անել։

Եվ այստեղ կրկին վերադառնում եմ բուն մտքին: Պարզ է, որ ուկրաինական պատերազմում պարտությունից 15 տարի անց Մոսկվան կվերադառնա իր սիրելի շովինիստական դոկտրինին, բայց, այնուամենայնիվ, մենք կունենանք այս 10-15 տարիները, երբ Մոսկվան ստիպված կլինի կենտրոնանալ իր ներքին խնդիրների ու խռովությունների վրա և նստել բանակցային գործընթացների մեծ սեղանների շուրջ, իրավական առումով լուծել վիճահարույց բարդ խնդիրները։ Ուստի անհրաժեշտ է ոչ թե հայտարարություն ստանալ, այլ սեղանին տեսնել հստակ իրավական քայլ առ քայլ ծրագիր։

«Ազատություն». – Իմ հարցն այն մասին էր, որ ագրեսային միջազգային արձագանքը պետք է միանման լինի: Դուք ինքներդ հիշատակեցիք Ղրիմի դեպքը, բայց հիմա, տեսեք, Կիևն անգամ չի քննարկում Ղարաբաղի շրջափակումը, որն արդեն շարունակվում է մեկ ամսից ավելի:

Միխայիլ Պոդոլյակ. – Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուղղել Արտաքին գործերի նախարարությանը՝ Ուկրաինայի պետության պաշտոնական դիրքորոշման տեսանկյունից։ Նրանք կտան բոլոր պատշաճ մեկնաբանություններն ու պարզաբանումները։

«Ազատություն». – Այս թեմայով վերջինը։ Անգամ եղան հայտարարություններ, որ ռուսների դեմ երկրորդ ճակատների բացումը Ուկրաինայի համար կարող է շատ արդյունավետ լինել։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովը այդ թվում և Ղարաբաղն էր նկատի ունեցել։

Միխայիլ Պոդոլյակ. – Եկեք նորից ասեմ։ Ես ուզում եմ հստակ բացատրել մեր դիրքորոշումը։ Կա պետության պաշտոնական դիրքորոշում, որը կարող է հրապարակային հնչեցվել, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում, Արտաքին գործերի նախարարության կողմից։ Դա շատ կարևոր է: Արտգործնախարարությունը կամրագրի մեր դիրքորոշումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ այս դիրքորոշման մեջ հստակ կնշվի, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան։ Բայց ևս մեկ անգամ եմ կրկնում, որ մենք ինքներս մեր ուժերով կավարտենք Ռուսաստանի հետ մեր գործը։

Ամբողջ ռազմական ջանքերը կենտրոնացնելով ուկրաինական ուղղությամբ՝ Ռուսաստանն ի վերջո կստանա այն, ինչ պետք է ստանա։ Լավ կլիներ, իհարկե, որ այլ երկրները հստակ հարցեր դնեին Ռուսաստանի առջև, մի երկրի առջև, որ նախաձեռնեց հետխորհրդային տարածքում տարբեր բարդ իրավիճակները։ Այստեղ մենք վերադառնում ենք նաև 1990-ականների սկզբին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Ես նրբանկատ օգտագործում եմ «հարցեր բարձրացնել» եզրույթը, թեև այստեղ պետք է ավելի կոշտ բառեր օգտագործել` որպեսզի Ռուսաստանը դադարի այդ հակամարտություններին ակտիվ մասնակցությունը։ Որովհետև Ռուսաստանը հաճախ կանգնած է այդ հակամարտությունների հետևում և թույլ չի տալիս, որ դրանք լուծվեն։ Սա է պարոն Դանիլովի ասածի տրամաբանությունը: Նա միանգամայն իրավացի է այս հարցում։ Եվ լավ կլիներ, որ երկրներն ուղղակի՝ իսկապես շահագրգիռ միջնորդների մասնակցությամբ, կարողանային լուծել վիճելի հարցերը։

Ռուսաստանը շահագրգիռ մասնակից է, որը ցանկանում է այս կամ այն հակամարտության գոյությունը։ Եվ, հետևաբար, դուք երբեք չեք կարողանա կարգավորել որևէ խնդիր։ Խոսքս միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլ ցանկացած այլ հակամարտության, երբ Ռուսաստանն իր պարտադիր արտաքին քաղաքական էքսպանսիոնիզմի վիճակում է։ Այսպիսով, այստեղից ունեմ մի պարզ ալգորիթմ: Նախ, Ռուսաստանի պարտությունը կբացի՝ քրոնիկ գործընթացների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ կոչվող գործընթացի՝ տարբեր հարթակներում ճիշտ լուծելու հնարավորությունը։ Եվ, համապատասխանաբար, այդ ժամանակ անմիջապես Ուկրաինայի դիրքորոշումը Արտաքին գործերի նախարարության կողմից լիովին և պատշաճ կձևավորվի ու կտեղափոխվի գլոբալ հարթակ, որտեղ տեղի կունենան քննարկումներ։ Այն ամենը, ինչ այժմ մեկնաբանվում է այս կամ այն հակամարտության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, հաճախ զուտ սպեկուլյատիվ բնույթ ունի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ։