FreeStyle

Մի ազգ, որը պատրաստ է պաշտպանել իր պետությունը, միշտ կունենա բարեկամներ

Lragir.am-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը

Արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, ի՞նչ ցույց տվեցին այս զարգացումները։

Այս մեկ տարին ցույց տվեց, որ ռուսական հավակնությունները չեն համապատասխանում իրենց հնարավորություններին։ Իրենք թերագնահատում են նախկին խորհրդային հանրապետություններին։ Ցույց տվեց, որ Ուկրաինայի ժողովուրդը կամք ունի կառուցել և պահպանել իր ազգային պետությունը։ Իհարկե, շատ ծանր կորուստների գնով, բայց մարդիկ վճռական են պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա ցույց տվեց, որ մի ազգ, որը պատրաստ է պաշտպանել իր պետությունը, միշտ կունենա բարեկամներ։ Կգտնվեն երկրներ, որոնք կօգնեն այդ գործում, և այսօր մենք գրեթե համաշխարհային կոնսոլիդացիա ենք տեսնում Ուկրաինայի շուրջ։ Գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրները սատարում են Ուկրաինային։

Զարգացումները ցույց են տալիս, որ այս իրավիճակը դեռ ինչ-որ ժամանակաշրջան կշարունակվի, մինչև եղանակը թույլ կտա Ուկրաինական բանակին նոր ազատագրական օպերացիաներ իրականացնել։ Հիմա եղանակային պայմանները թույլ չեն տալիս ավելի մեծ մասշտաբի օպերացիաներ իրականացնել։ Այն, որ ուկրաինական բանակը կարողանում է ազատագրել իր հողը, ինձ թվում է, դրանում արդեն համոզվեցին բոլորը։ Պարզապես քայլ առ քայլ կազատագրվեն բոլոր տարածքները, դրա մասին ասում են և ուկրաինական իշխանությունները, և ռազմական առաջնորդները։ Ուկրաինան պետք է ամբողջությամբ ազատագրվի։ Այնպես որ, հենց եղանակը թույլ տա, Ուկրաինայի բանակը կազատագրի իր մնացած տարածքները։

Հայաստանում տեղակայվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչպե՞ս եք գնահատում սա։

Եվրոպական միության դիտորդական առաքելության գաղափարը նախորդ տարվա ամռանից էինք քննարկում փորձագիտական դաշտում, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները գնացին այդ ճանապարհով։ Եղած պայմանագրիային բազայի պայմաններում, որը Հայաստանը կապում է ՀԱՊԿ և Ռուսաստանի հետ, սա ամենակարճ ճանապարհն էր՝ Եվրոպայից ստանալու այն աջակցությունը, որը հնարավոր էր հողի վրա ստանալ՝ առանց որևէ պայմանագրի չեղարկման ՌԴ ու ՀԱՊԿ հետ։ Սա դրական քայլ է, որն ապահովում է այն բացերը, որոնք կան Հայաստանի անվտանգության մեխանիզմում, որոնք առաջացել են Ռուսաստանի և ՀԱՊԿ չգործելու հետևանքով։ Հուսանք, Հայաստանն անվտանգության նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ էլ ավելի կզարգացնի իր հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ հետ, որովհետև սա իրոք հնարավորություն կտա Հայաստանին պահպանել տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն այս վեկտորն ընտրելով՝ վերադառնում է քաղաքակրթական արմատներին։

Արևմուտքն այդ քայլով ցույց է տալիս, որ Հայաստանին ճանաչում է որպես քաղաքակիրթ աշխարհի մաս։ Եվ ինքը պատնեշ է դառնում այն ագրեսորի համար, որը կփորձեր հարձակվել Հայաստանի վրա։ Սա շատ լուրջ քայլ է Արևմուտքի կողմից։ Երևի թե այս ամենին նպաստեց նաև Ռուսաստանի այս վարքագիծը։ Բոլորը տեսան, որ Ռուսաստանը ոչ ադեկվատ քաղաքականություն է վարում, և հարձակումը Ուկրաինայի վրա դա Ռուսաստանի մտադրությունների վերջը չէ, Ռուսաստանը վտանգ է ներկայացնում գրեթե բոլոր պետությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ձեռքերն ու ոտքերը Ադրբեջանն է։ Սադրանքներ և փոքր մարտեր սանձազերծելով՝ Ռուսաստանը փորձում էր Հայաստանից կորզել իրեն հարմար դիրքեր՝ Հայաստանի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին Հարավային Կովկասում ավելի ամրապնդվելու համար։ ԵՄ դիտորդները պատնեշ են հանդիսանում ռուսական հավակնությունների համար։ Եվ ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արևմտյան քաղաքակրթությունը պետք է մի քիչ ավելի վճռական լինի իր բնական դաշնակիցների պաշտպանելու գործում։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ 21-րդ դարում Ռուսաստանը կարող էր նման ցեղասպան պատերազմ հրահրել հարևան երկրի հանդեպ, ունենալ միջնադարյան հավակնություններ։ Արևմուտքն արդեն համապատասխան արձագանք է տալիս այդ ամենին և պաշտպանում է իր բնական դաշնակիցներին։

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ-ն ու առանձին պաշտոնյաներ սպառնալից հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին։

Ուրիշ բան իրենցից ակնկալել չէր կարելի։ Երբ իրենք անզոր են լինում, սկսում են սպառնալ։ Կարևորն այն է, որ այդ սպառնալիքներին ադեկվատ վերաբերվենք և հասկանանք, թե ինչ իրենք կարող են անել, ինչ չեն կարող անել։ Իրենք շատ փոքր գործիքակազմ ունեն։ Եվ ցանկացած քայլ, որը Ռուսաստանը կփորձի այս իրավիճակում անել Հայաստանի դեմ, դա ավելի շատ կվնասի Ռուսաստանին։ Այսինքն՝ собака лает, караван идет.