FreeStyle

Ուկրաինայի հայ համայնքը դատապարտում է քաղաքական գործընթացներում իրենց ներքաշելու փորձերը

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է համայնքի ներկայացուցիչներին պատկանող հանրային սննդի հաստատությունները հրկիզելու փորձերը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մենք համարում ենք սրճարանների հրկիզումը, որի տերերը համայնքի ներկայացուցիչներ են, որպես համայնքը քաղաքական գործընթացներին ներգրավելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և հորդորում ենք պահպանել օրենքը և համայնքին չներգրավել քաղաքական գործընթացներում: Կազմակերպության ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և վստահում է դեպքերի անհապաղ քննությանը»:

Ինչպես նշում է թերթը, հայտնի է Կիևի տարբեր ծայրամասերում հրկիզման փորձերի երկու դեպք: Ըստ վերջին տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վնասվել են շենքերի որոշ հատվածներ, տուժածներ չկան։