FreeStyle

Արտաքին ոլորտում կորցրած ամեն մի օրը ավելացնում է վտանգները Հայաստանի համար. քաղաքագետ

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հարցերով համազեկուցողներն իրենց համատեղ հայտարարության մեջ Արցախն ու Հայաստանը կապող նոր ճանապարհի շինարարությանն էին անդրադարձել։

Նրանք նշել էին, որ «ճանապարհի կառուցման որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը ստանալու, ինչը սիմվոլիկ առումով կարող է էլ ավելի խորացնել Արցախի և հարակից շրջանների օկուպացիան»։

365news.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ նման հայտարարության պատճառն այն է, որ ՀՀ ներկա իշխանությունները սերտ համագործակցություն չունեն այս կառույցի տարատեսակ հանձնաժողովների և բաժինների հետ։

«Առաջին հերթին պետք է հասկանանք, որ ներկա իշխող ուժը չի հասցրել այնպես ամրապնդել իր դիրքերը Եվրոպական կառույցներում, ինչպես դա ժամանակին հաջողվել էր անել Հանրապետական կուսակցությանը։ Որքանով տեղյակ եմ՝ «Իմ քայլը» ոչ մի եվրոպական խոշոր կառույցի անդամ չի հանդիսանում։ Այս իրավիճակը ռիսկային է այն առումով, որ բարդանում է հայկական տեսակետը լայն եվրոպական շրջանակներին հասցնելու գործընթացը՝ հատկապես եվրոպացի քաղաքական գործիչների ու Եվրախորհրդարանի պատգամավորների նոր սերնդի ներկայացուցիչների դեպքում»,-նշեց փորձագետը:

Մարատ Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի իշխող կուսակցությունը պետք է հնարավորինս ակտիվություն ցուցաբերի այդ ուղղությամբ աշխատանքներում. «Սա առաջնային խնդիր է ոչ միայն պաշտոնական Երևանի, այլ նաև Արցախի հարցում։ Պետք է հիշել, որ արտաքին ոլորտում կորցրած ամեն մի աշխատանքային օրը ավելացնում է վտանգները Հայաստանի համար»։

Մարատ Հակոբյանը նշեց նաև, որ արտաքին ուղղությամբ աշխատանքները պետք է առավել փութաջանորեն տարվեն ոլորտի լավագույն և փորձառու մասնագետների կողմից։

Հայկա Ալոյան