FreeStyle

Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

Հանդես գալով հօգուտ այն բանի, որ բանակցություններում Ստեփանակերտը ներկայացնի Հայաստանը, Ադրբեջանն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը դրա մի մասն է հանդիսանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել РБК-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց իշխանությունների, առանց Լեռնային Ղարաբաղի կառավարության։ Եթե նախագահ Ալիևը ցանկանում է, որ Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղը ներկայացնի բանակցությունների սեղանի շուրջ, ապա դրանով նա, ըստ էության, արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է։

«Չէ՞ որ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանի վարչապետը ներկայացնի այն։ Միայն ես չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է։ Այդ Իլհամ Ալիևը, Ադրբեջանն են (ընդհանուր առմամբ) ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, չէ՞ որ նրանք պնդում են, որ ՀՀ վարչապետը պետք է բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնի Ստեփանակերտը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` եթե միջազգային հանրությունը նույնպես պնդում է, որ այդպես պետք է լինի, ապա նրանք ևս խոստովանում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։

«Եթե այդպես է, եկեք արձանագրենք այդ փաստը և անցնենք առաջ»,-նշել է Փաշինյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահն առաջարկեց հռետորաբանություն, որը կար մինչև 2018 թվականը՝ հակամարտության լուծում, որն ընդունելի է միայն Ադրբեջանի ժողովրդի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումներին, ապա, Փաշինյանի խոսքով, դրանք ինքնանպատակ չեն։

«Նախևառաջ պետք է կայունացնել իրավիճակը։ Հայաստանի համար անընդունելի է սպառնալիքների տակ բանակցային գործընթաց վարելը։ Նման բան անհնար է պատկերացնել»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ մի քանի անգամ խորհուրդ է տվել չխոսել Հայաստանի հետ ուժի տեսանկյունից։ Տավուշի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անիմաստ են նման փորձերը։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության դիրքորոշմանը, ապա հասկանալի է, որ յուրաքանչյուր սրացման դեպքում Հայաստան ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում։

«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Կա կոնկրետ միջոց՝ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի դիտարկման և հետաքննության մեխանիզմ»,-ասել է Փաշինյանը

Նրա խոսքով՝ Երևանը միշտ էլ առաջարկել է կիրառել այդ մեխանիզմը, բայց Ադրբեջանը չի ընդունում այդ առաջարկը։ Մյուս կողմից, Փաշինյանը հույս է հայտնել, որ Տավուշի դեպքերից հետո բոլորը կհանգեն այդ որոշմանը։