FreeStyle

Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջը կտրականապես մերժվելու է». Ավիգդոր Էսկին

«Զոհրաբ Մնացականյանը շրխկացրեց դուռը: Նա ոչ մի բարի խոսք չասաց Իսրայելի հասցեին և ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ չարեց երկու երկրների միջև կլիման բարելավելու վերաբերյալ… Ծառայո՞ւմ է արդյոք դա Հայաստանի շահերին՝ դուք ավելի լավ կիմանաք: Եթե իր խոսքերը թարգմանենք իրական քաղաքականության լեզվով, ապա նախարար Մնացականյանը հստակ ասաց հետևյալը. «Հայաստանը չի ցանկացել և չի ցանկանում գործ ունենալ Իսրայելի հետ»: Այս հայտարարությունը բացատրության կարիք ունի: Ադրբեջանին զենք վաճառելու հարցի կապված ցանկացած պահանջ կտրականապես մերժվելու է: Եթե Հայաստանը 30 տարվա ընթացքում հրաժարվում էր Իսրայելի հետ հարաբերությունների հաստատումից և նորմալացումից, ապա ի՞նչ դժգոհություններ կարող են լինել Իսրայելից, եթե վերջինս առաջխաղացում է ունեցել վրացական և ադրբեջանական ուղղություններով: Դա ընդամենը Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հետևանքն է և ոչ ավելին»:

Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական Jerusalem Post պարբերականին, որի ընթացքում չափազանց ուշագրավ և կարևոր հայտարարություն է արել հայ-իսրայելական հարաբերությունների և առհասարակ Հայաստանի անվտանգությանը առնչվող ամենացավոտ ու սուր խնդիրներից մեկի՝ Իսրայելի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանին իսրայելական զենք վաճառելու վերաբերյալ:

Իսրայելական թերթին տված հարցազրույցում նախարար Մնացականյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին նախորդ ամիս տեղի ունեցած բախումների, Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող նորագույն ռազմական տեխնոլոգիաների ու մասնավորապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը: Բառացիորեն Մնացականյանը ասել է հետևյալը՝ «Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»:

Ընդ որում, այս հայտարարությունը նա արել է լրագրողի այն հարցին ի պատասխան, թե դիմե՞լ է արդյոք Հայաստանը Իսրայելին՝ վերանայելու զենքի վաճառքը Ադրբեջանին, իր անհանգստությունները բարձրաձայնե՞լ է Իսրայելի կառավարության առջև:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ մինչ Հայաստան-Իսրայել հարաբերությունները վերջին տարիներին գնալով բարելավվում են, և դրա վկայությունն է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Իսրայել այս տարվա հունվարին, այդուհանդերձ, Իսրայելի կողմից ժամանակակից սպառազինության շարունակական մատակարարումը Ադրբեջանին շարունակում է մնալ հայ-իսրայելական հարաբերությունների առանցքային խնդիրներից մեկը: Նախարարի խոսքերով՝ Ադրբեջանը իսրայելական զենքը օգտագործում է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությանը թիրախավորելու համար:

«Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին», – ընդգծել է նախարար Մնացականյանը:

Բաքվին իսրայելական մահաբեր զենքի վաճառքի հարցը նախկինում շատ ենք քննարկել տարբեր մակարդակներով ու ձևաչափերով, այդ թվում՝ հայ, իսրայելցի և միջազգային այլ փորձագետների հետ: Անշուշտ, հնչել են տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ, ներկայացվել են տարբեր մոտեցումներ, բայց ամեն դեպքում, ինչպես Հայաստանի արտգործնախարարն է իրավացիորեն նկատել, այն շարունակում է մնալ օրակարգի ամենասուր խնդիրներից մեկը՝ հատկապես Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության ապահովման տեսանկյունից, և առաջին պլան է գալիս այն ժամանակ, երբ սահմանային բախումներ են լինում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև:

Այդպես եղավ նաև այս անգամ՝ Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած բախումներից հետո: Բայց նախորդ տարիներին տեղի ունեցած խոշոր բախումների ու մասնավորապես 2016 թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի հետ համեմատ՝ կարևոր տարբերություններից մեկն այն է, որ այս անգամ Հայաստանի զինված ուժերը փայլուն արդյունքներ ցույց տվեցին իսրայելական նորագույն, միլիոնանոց ու բազմամիլիոնանոց ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ըստ էության, հաղթելով ադրբեջանական կողմին «դրոնների պատերազմի» այս շրջափուլում: Եվ միջազգային մամուլը սկսեց գրել այն մասին, որ հայկական բանակը աշխարհում միակն է, որը հաջողությամբ խոցում է իսրայելական արտադրության անօդաչուները:

Այս փաստը Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նկատել է նաև Jerusalem Post-ի թղթակիցը՝ նշելով, թե «ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ»: Զոհրաբ Մնացականյանն էլ պատասխանել է, որ մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց, և մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից:

Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ այս անգամ պաշտոնական Երևանը բաց տեքստով ու բավական խիստ տոնայնությամբ է բարձրացնում հարցը՝ Իսրայելի կառավարությանը ուղղակիորեն կոչ անելով դադարեցնել մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին:

Ինչպե՞ս կարձագանքի Երուսաղեմում նստող իսրայելական կառավարությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հասարակական գործիչ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:

– Պարոն Էսկին, առաջին հերթին կուզենայի հարցնել ոչ թե Մնացականյանի հայտարարության բովանդակության, այլ հարցադրման ձևի և խիստ շեշտադրումների մասին: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է պաշտոնական Երևանը խստացրել իր հռետորաբանությունը այս հարցում: Գուցե մոտեցումներն են փոխվել, կամ էլ Հայաստանի ղեկավարությունը այս վերջին մարտերից հետո ավելի առարկայորեն զգաց ու հասկացավ, թե Ադրբեջանին վաճառված իսրայելական զենքը ինչ վնաս է հասցնում Հայաստանի անվտանգությանը: Թե՞ ամեն դեպքում նորմալ է և շատ բնական, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները բարձրացնում են այս հարցը իսրայելցի գործընկերների հետ երկխոսության ընթացքում:

– Զոհրաբ Մնացականյանը շատ փորձառու դիվանագետ է: Նա, անշուշտ, հասկանում էր, որ նման հայտարարությունը հավասարազոր է հռչակագրի՝ Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնելու և նույնիսկ բանակցություններ վարելու պատրաստակամության բացակայության մասին: Հայաստանը վերջին գրեթե 30 տարվա ընթացքում հետաքրքրված չի եղել համագործակցելու Իսրայելի հետ որևէ հարցի շուրջ, ՄԱԿ-ում գրեթե միշտ քվեարկել է Իսրայելի դեմ: Այժմ արտաքին գործերի նախարար Մնացականյանը հայտարարում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ կլիմայի բարելավմամբ: Ավելի շուտ՝ ընդհակառակը:

Պետք է միանգամից ընդգծել, որ դժգոհությունը Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ ինքնին ցանկացած հայ գործչի բնական դիրքորոշումն է: Ցանկացած հայ գործիչ ձգտելու է փոխել հավասարակշռությունը Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններում: Սակայն ցանկացած ազնիվ հայ գործիչ նաև ճանաչում է փաստերը: Իսրայելը ձգտել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ նրա անկախացման առաջին իսկ օրերից, բայց Հայաստանի կառավարությունը դա չէր ցանկանում: Այս տարիների ընթացքում Իսրայելը որոշակի հարաբերություններ է հաստատել Վրաստանի և Ադրբեջանի հետ, իսկ Երևանի հետ պետական որևէ կապեր չեն հաստատվել, քանի որ Երևանը չի ցանկացել դա անել:

Հայ քաղաքական գործիչների՝ Իսրայելի քաղաքականության մեջ փոփոխություններ տեսնելու ցանկությունը հասկանալի է և բնական, բայց դրանք սկսվում են լավ հարաբերություններից և կառուցողական բանակցություններից: Իսկ Զոհրաբ Մնացականյանը հիմա շրխկացրեց դուռը: Ծառայո՞ւմ է արդյոք դա Հայաստանի շահերին՝ դուք ավելի լավ կիմանաք:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարձագանքի Իսրայելը Հայաստանի արտգործնախարարի կոչին: Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա:

– Կարծում եմ՝ Իսրայելում ոչ ոք պաշտոնապես չի արձագանքի նմանատիպ հայտարարություններին: Նախարար Մնացականյանը, եթե իր խոսքերը թարգմանենք իրական քաղաքականության լեզվով, հստակ ասաց հետևյալը. «Հայաստանը չի ցանկացել և չի ցանկանում գործ ունենալ Իսրայելի հետ»: Այս հայտարարությունը բացատրության կարիք ունի:

Ադրբեջանին զենք վաճառելու հարցի հետ կապված ցանկացած պահանջ կտրականապես մերժվելու է: Եթե Հայաստանը 30 տարվա ընթացքում հրաժարվում էր Իսրայելի հետ հարաբերությունների հաստատումից և նորմալացումից, ապա ի՞նչ դժգոհություններ կարող են լինել Իսրայելից, եթե վերջինս առաջխաղացում է ունեցել վրացական և ադրբեջանական ուղղություններով: Դա ընդամենը Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հետևանքն է և ոչ ավելին:

Միջազգային իրավունքի տեսանկյունից ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Հայաստանը պատժամիջոցների տակ չեն: Զենքի վաճառքը տարբեր երկրների միջև առևտրի մի մասն է: Այդ իսկ պատճառով Իսրայելը վաճառել է և շարունակելու է վաճառել թույլատրված կոնվենցիոնալ սպառազինության բոլոր տեսակները բոլոր այն երկրներին, որոնք ցանկանում են գնել այն: Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին վաճառվող զենքի բոլոր տեսակները առաջարկվել են նաև Հայաստանին, բայց Հայաստանը գերադասել է ռուսական զենքը:

Ինչպես գիտեք՝ ադրբեջանական բանակն էլ սպառազինված է հիմնականում ռուսական զենքով: Մինչև վերջերս Ռուսաստանը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն էր, բայց չեմ հիշում, որ նախարար Մնացականյանը դիմած լիներ Մոսկվային հետևյալ բառերով՝ «դուք պետք է վերջ դնեք Բաքվի հետ մահացու գործարքին»:

Ինչպես արդեն ասացի՝ ցանկացած հայ գործիչ, բնականաբար, պիտի հետաքրքրված լինի Ադրբեջանի սպառազինության կրճատմամբ՝ ով էլ որ լինի նրան զենք վաճառողը: Այսպիսի հարցերը քննարկվում են բանակցությունների ժամանակ: Բայց հայ նախարարը բարդացրեց, եթե չասենք, որ խափանեց բանակցությունները այս թեմայով:

– Իսկ ի՞նչ եք անձամբ Դուք մտածում այս հարցի վերաբերյալ՝ որպես մարդ և գործիչ, որը շատ լավ գիտի Հայաստանը և սերտորեն կապված է հայ ժողովրդի հետ: Դուք համաձա՞յն եք, որ Իսրայելն իսկապես պետք է փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի ուղղությամբ: Թե՞ կարծում եք, որ «իրական քաղաքականությունը» և Ձեր երկրի իրական քաղաքական, տնտեսական շահերը դժվար թե փոխվեն այլոց կոչերի կամ այլոց հետ բարեկամական հարաբերությունների հիման վրա:

– Իր հարցազրույցով արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փակուղու առջև կանգնեցրեց երկու կողմերին էլ: Ամբողջ հարցազրույցը կազմված էր Իսրայելի վրա կոշտ հարձակումներից՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու և Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանությունը չընդունելու հետ: Եվ սա՝ այն բանից հետ, երբ Իսրայելում հուշարձան է տեղադրվել՝ նվիրված զոհված հայերին: Բայց մեզնից կրկին պահանջում են քվեարկություն Կնեսետում՝ չնայած այն փաստին, որ Կնեսետը երբեք չի քվեարկել պատմական փաստերի ընդունման վերաբերյալ: Նա պարտավոր էլ չէ քվեարկել նման հարցերի շուրջ՝ ինչպես և Հայաստանի խորհրդարանը չի քվեարկել ու պարտավոր չէ քվեարկել Հոլոքոստի ճանաչման վերաբերյալ:

Մնացականյանը ոչ մի բարի խոսք չասաց Իսրայելի հասցեին: Իր կողմից չհնչեց ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ երկու երկրների միջև կլիման բարելավելու վերաբերյալ:

Դուք կարո՞ղ եք պատկերացնել նման բան, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հարցազրույց տար հայկական ԶԼՄ-ին և ամբողջ հարցազրույցի ընթացքում միայն դժգոհեր Հայաստանի քաղաքականությունից, օրինակ՝ Հայաստանի և Իրանի բարեկամության հետ կապված դժգոհությունից, Իսրայելի հետ պատերազմի մեջ գտնվող Ասադի ռեժիմին հատկացվող ռազմական օգնությունից և Լիբանանում Հըզբոլլահի հետ կապերից:

Մնացականյանը խոսում է Ադրբեջանի կողմից զենքը քաղաքացիական օբյեկտների դեմ կիրառելու մասին, բայց նա չի կարող չիմանալ, որ Հըզբոլլահը հարյուրավոր անգամներ ավելի շատ հրթիռ է արձակել իսրայելական քաղաքացիական օբյեկտների վրա, քան Ադրբեջանը՝ հայկական օբյեկտների վրա վերջին 25 տարվա ընթացքում:

Եթե մեր նախարարը հարցազրույց տար ձեզ՝ նա կարող է՝ նրբանկատորեն հիշեցներ այդ խնդիրների մասին, բայց առաջին հերթին հանդես կգար դրական և կոնստրուկտիվ ծրագրով:

– Զենքի վաճառքին վերաբերող այս բանավեճը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա: Սա կարո՞ղ է խթանել երկխոսության ակտիվացումը երկու երկրների միջև: Վերջին տարիներին մենք շատ ենք խոսում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Եթե իսկապես կա փոխադարձ ցանկություն անելու դա, ապա չե՞ք կարծում, որ երկու կողմերը նախ պիտի այս խնդիրը լուծեն, ինչ-որ փոխզիջման, փոխըմբռնման հասնեն, հետո փորձեն հասկանալ՝ ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ շարունակեն հարաբերությունների զարգացումը:

– Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների հաստատման և կարգավորման դեպքում բոլոր թեմաներն էլ կարող են քննարկվել: Իսրայելը ունի ասելիք Իրանի, Սիրիայի և Հըզբոլլահի վերաբերյալ, Հայաստանը ասելիք ունի Ադրբեջանի վերաբերյալ: Բայց նախ և առաջ անհրաժեշտ է մշակել դրական և կոնստրուկտիվ օրակարգ: Հենց դրանով եմ ես զբաղվել վերջին տարիներին:

– Ընդհանրապես ինչպիսի՞ն է դինամիկան երկկողմ հարաբերություններում Հայաստանում իշխող վարչակարգի փոփոխությունից հետո: Շոշափելի առաջընթաց նկատվո՞ւմ է:

– Փաշինյանի կառավարությունը իսկապես ցուցաբերում էր հետաքրքրվածություն՝ նորմալացնելու հարաբերությունները Իսրայելի հետ: Բայց դատելով նախարար Մնացականյանի հռչակագրից՝ Հայաստանի Արտգործնախարարությունը պատրաստ չէ Երուսաղեմի հետ հարաբերությունների բարելավմանը:

Անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընդգծել հետևյալը, որ մի կողմից Իսրայել-Վրաստան և Իսրայել-Ադրբեջան և մյուս կողմից՝ Իսրայել-Հայաստան հարաբերությունների միջև առկա անհավասարակշռությունը Երևանի քաղաքական ընտրության հետևանքն է: Եթե Հայաստանի ղեկավարության մեջ հայտնվեն մարդիկ, ովքեր հետաքրքրված կլինեն Իսրայելի հետ մերձեցմամբ, ապա Այսրկովկասում Իսրայելի քաղաքականության հավասարակշռման թեման քննարկման կդրվի անմիջապես: Անձամբ ես շատ ուրախ կլինեմ, եթե փոփոխությունը լինի հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման: Ափսոս, որ ձեր ԱԳՆ-ում այլ կերպ են նայում այս հարցին: