FreeStyle

Թուրքիան հրահրել է կոնֆլիտկներ տարբեր երկրներում ու ոչ մի տեղ իր ակնկալած հաջողությունները չունի. Մարատ Հակոբյան

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը վստահ է, որ Թուրքիան արդեն իր իսկ նպատակին հասավ՝ արցախյան պատերազմը հրահրելով։

«Թուրքիայի նպատակն էր Ադրբեջանը թուլացնել այնքան, որպեսզի կարողանա հեշտությամբ մանիպուլացնել և իր նպատակներին հասնել։ Արդբեջանը, նախաձեռնելով արցախյան պատերազմը, արդեն իսկ իրեն դրեց մեծ վտանգի առաջ ու արդեն իսկ թուլացած է ու այդ պրոցեսն այլևս անդառնալի է լինելու»,- 365news.am-ին ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ Թուրքիայի պլանների մեջ էր մտնում Ադրբեջանի թուլացումը, սակայն այնպես, որպեսզի հետագայում իրեն չմեղադրեին այդ թուլացման գործընթացում անմիջական մասնակցություն ունենալու մեջ։

«Թուրքիան այնպիսի դիվանագիտություն դրսևորեց, թե իբր հանդիսանում է Ադրբեջանի պաշտպանը, ու մյուս կողմից ճնշելով Ադրբեջանին, որպեսզի վերջինս արցախյան հակամարտության հարցում որևէ կերպ հետ չկանգնի, ստիպեց Ադրբեջանին մեծ կորուստներ ունենալ»,- նկատեց Մարատ Հակոբյանը։

Ուկրաինահայ փորձագետը նկատեց, որ արցախյան պատերազմով Ադրբեջանը ոչնչացրեց իր ոչ այնքան բարի վարկանիշը, քանի որ պարզ դարձավ, որ 10 միլիոնանոց երկիրը, իր հսկայական բյուջեով ու գերզարգացած զինտեխնիկայով զինված բանակով, Թուրքիայի օգնությամբ ու ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ չի կարողանում հաղթել հայկական բանակին:

«Թուրքիայի նպատակն իրականում այս պատերազմի միջոցով Ադրբեջանին այնքան թուլացնելն էր, որպեսզի վերջինս դառնար իր անկլավը ու ինքը կարողանար միանալ Կենտրոնական Ասիայի մյուս թյուրքական երկրներին։ Այս ժամանակաշրջանում 19-րդ դարի քաղաքականության ստանդարտներով մտածելը սխալ է։ Պարտադիր չէ կարծել, որ Հայաստանի կործանումն այս պահին Էրդողանի թիվ մեկ նպատակն էր, ոչ, նրա կարևոր նպատակը Կենտրոնական Ասիա հասնելն էր՝ կա Վրաստան, որը ծառայում է որպես տարանցիկ երկիր և վերջ։ Այստեղ այլ խնդիրներ են սպասվում նաև Թուրքիայի համար հենց Կենտրոնական Ասիայում, որտեղ չկա այնպիսի կուռ համաձայնություն թյուրքական պետությունների միջև, ինչպես ներկայացվում է»,- շեշտեց քաղաքագետը։

Ամենահավանական հակասությունները կարող են ծագել Թուրքիայի և Ղազախստանի միջև, ընդ որում՝ քաղաքագետը նշում է, որ Ղազախստանը բոլոր առումներով ավելի հեռանկարային է Թուրքիայից և այս մրցավազքը ևս Թուրքիայի համար կարող է ոչ այնքան լավ ավարտ ունենալ։

«Թուրքիան այն եզակի երկրներից է, որ խնդիրներ ունի ոչ միայն իր հարևանների, այլև դաշնակիցների հետ։ Թուրքիայի քիթը ամենուր քսվեց գետնին. փաստացի այսօր Թուրքիան հրահրել է կոնֆլիտկներ տարբեր երկրներում ու ոչ մի տեղ իր ակնկալած հաջողությունները չունի։ Նա գլխացավանք է դարձել գրեթե բոլորի համար»,- ասաց Մարատ Հակոբյանը։