FreeStyle

Մենք պիտի արժանի լինենք մեր տղամարդկանց սխրանքին. Մարգարիտա Պետրոսյան

Արցախից տեղափոխվածներին օգնություն ցուցաբերելու, կամավորական խմբերի գործունեության, Թուրքիայից ապրանքների ներկրման հանդեպ էմբարգո կիրառելու և դրանց փոխարինելու տարբերակների մասին իր կարծիքը 365news.am-ին հայտնեց «Մարգո ֆեշըն»-ի տնօրեն, դիզայներ Մարգարիտա Պետրոսյանը:

Խոսելով պատերազմի սկզբից ի վեր տեղափոխվածների օգնության իր համակարգման մասին՝ դիզայները նշեց ինչ է անհրաժեշտ ավելի մեծ արդյունավետության համար:

“Պատերազմի արաջի օրերին Արցախից տեղափոխվածների և նրանց կարիքների մասին տեղեկությունները ստանում էինք սոցցանցերից, ծանոթներից, Արցախում բնակվող բազմաթիվ ընկերներից։ Առաջնահերթ հարցը մարդկանց բնակարանով ապահովելն է, այնուհետ մահճակալ, ներքնակ, տաք հագուստ, սնունդ և այլն: Վերջին կետերով այժմ շատ արդյունավետ զբաղվում են «Հոգ տար», «Спеши к добру» հիմնադրամները, Ուկրաինայի հայերի միությունը, որը ստեղծել է հատուկ շտաբ Ուկրաինայից բերված օգնությունը նպատակային և հստակ բաշխելու համար: Կարծում եմ՝ հիմա արդեն պետք է կենտրոնացած այդ հարցերը լուծենք”, – ընդգծեց նա՝ ավելացնելով որ Սեպտեմբերի 27 ից իր արվեստանոցը կա՛մ փակ էր, կա՛մ ժամանակավոր պահեստ էր ծառայում: “Վերջերս հասկացա, որ շատ ավելի օգտակար կարող եմ լինել իմ հայրենիքին, եթե ջանքերս ուղղեմ այն ոլորտին, որտեղ պրոֆեսիոնալ եմ։ Այսուհետ MargoFashion-ի յուրաքանչյուր գնումից հասույթի 50% փոխանցվելու է մեր բանակին։ Արդեն առկա են նաև նվեր քարտեր 30, 40, 50 և 75000 դրամ արժողությամբ, այդ հասույթից ևս 50% ուղարկվում է Ֆոնդ”։

Անդրադառնալով Թուրքիայից ապրանքների ներկրման հանդեպ էմբարգո կիրառելու թեմային, նա շեշտեց, որ նախկինում էլ չի աշխատել թուրքական արտադրանքի գործվածքներով: “Մենք միանշանակ ունենք ալտերնատիվ տարբերակներ, առավել ևս՝ դրանք անհամեմատ բարձր որակ ունեն։ Օրինակ՝ «Մտեքստիլ» խանութ սրահը բացման օրվանից թուրքական գործվածք չի ներկրել։ Բացառիկ որակի եվրոպական բրդյա, բամբակյա, մետաքսյա գործվածքներ են ներկրում։ Ի դեպ, պիտի նշեմ՝ շատ անգամ թուրքականից մատչելի։ Արաբական Միացյալ Էմիրություններից ես ինքս նմուշներ եմ բերել հիանալի հնդկական արտադրության բամբակյա գործվածքներ։ Իհարկե, մենք առայժմ չունենք տեքստիլի արտադրանք, բայց շատ հանգիստ կարող ենք ներկրել որակյալը և չհարստացնել թշնամուն”։

Եվ, իհարկե, նա խոսեց կնոջ դերի իր տեսլականի մասին, թե որքանո՞վ է կարևոր կնոջ դերը պատերազմի ժամանակ: “Շատ եմ մտածում այդ մասին։ Ամեն խոսքս, քայլս մտքում կշռադատում և ստուգում եմ, որովհետեւ մենք պիտի արժանի լինենք մեր տղամարդկանց սխրանքին: Անջատել ավելորդ էմոցիաները, միասնական լինել, պահպանել պարզ և սառը դատողություն և քրտնաջան աշխատել։ Մեր բոլորիս նպատակը հաղթանակն է”։