FreeStyle

Ուկրաինահայ գործիչ Վիլեն Շատվորյանը հերքել է հակառուսական ուղղվածության ԶԼՄ ֆինանսավորելու մասին լուրերը

Ուկրաինահայ գործիչ, Ուկրաինայի Հայերի Միություն ղեկավար Վիլեն Շատվորյանը հերքել է հակառուսական ուղղվածության կայք ֆինանսավորելու մասին լուրերը:

Հայկական լրատվական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, որ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ֆինանսավորելու է Freenews լրատվական կայքը: Մասնավորապես նշվում էր, որ կայքը ղեկավարվում է ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն ՍԻմոնյանի կողմից ու կայքը վարելու է ընդգծված հակառուսական քաղաքականություն: Հիշատակվել էր նաև տեղեկատվություն՝ ըստ որի Վիլեն Շատվորյանի մուտքը Ռուսաստան արգելված է:

ArmDaily.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանն ասաց, որ Վիլեն Շատվորյանն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և երբևիցէ որևէ շփում նրա հետ չի ունեցել:

“Վիլեն Շատվորյանի հետ անձամբ եմ զրուցել: Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանին չի ճանաչում: Ավելին, նրա մուտքը Ռուսաստան արգելված չի եղել ու չէ ու նա երբեք հակառուսական գործունեություն չի վարել”, – Շատվորյանի խոսքերը մեզ փոխանցեց Մարատ Հակոբյանը:

Ուկրաինահայ քաղաքագետը հավելեց նաև, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, թե ովքեր կարող էին նման ապատեղեկատվություն տարածել ու ինչ նպատակներ են հետապնդում նրանք:

“Հավելեմ, որ Վիլեն Շատվորյանը եղել է Յանուկովիչի “Պարտիա Ռեգիոնով” կուսակցության անդամ՝ դա արդեն բավարար է հասկանալու համար, որ Շատվորյանը հակառուսական գործունեությամբ չի զբաղվել: Բացի այդ, նա այն մարդն է, ով կարողացավ միավորել Ուկրաինայի հայկական համայնքը, որը չորրորդն է աշխարհում իր մեծությամբ: Հայ համայնքի միավորման մեջ նման մեծ ավանդ ունեցող մարդու մասին չարժի ապատեղեկատվություն տարածել: Վիլեն Շատվորյանը փոխանցեց նաև, որ եթե որոշի ԶԼՄ ձեռքբերել, ապա դրա ուղղվածությունը ոչ միայն հակառուսական չի լինի, այլև ոչ մի երկրի դեմ ուղղված չի լինի: Դրա վկայությունը Շատվորյանին պատկանող ուկրաինական НАШ հեռուստաալիքն է, որը համարվում է Ուկրաինայի ամենաօբյեկտիվ հեռուստաալիքներից մեկը”, – իր խոսքը եզրափակեց Մարատ Հակոբյանը:

Հայկա Ալոյան