FreeStyle

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

Իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի և կործանարար է։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը»,- նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր Աթոռը հորդորում է մեր երկրի ղեկավարությանն ու բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։

«Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»,- օրհնությամբ ու բարեմաղթանքով եզրափակվում է Մայր Աթոռի հայտարարությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։