FreeStyle

Դոնբասում իրավիճակի սրումը պայմավորված է մի շարք հանգամանքներով. ուկրաինահայ վերլուծաբան

Ինչ ազդեցություն կունենա Դոնբասի լարվածությունը Սյունիքի կամ Արցախի իրավիճակին. ուկրաինահայ վերլուծաբանը մանրամասնում է:

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշում է, որ ներկայիս Դոնբասում իրավիճակի սրումը պայմավորված է մի շարք հանգամանքներով: «Առաջին հերթին ՆԱՏՕ-յի զորավարժություններով, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև նոր լարվածությամբ. և Կրեմլի նորմանդական բանակցություններում զիջումների հասնելու ցանկությամբ»,- ասաց Հակոբյանը:

Նա նշում է, որ ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններն էին պատճառը, որ Ռուսաստանը սկսեց զորամիավորումներ ձգել դեպի Ուկրաինայի հետ սահմանը: Ի դեպ՝ այդ զորավարժությունների ամենաակտիվ փուլը նախատեսված է անցկացնել մայիսին: Մեր հարցին, թե այս լարվածությունն ի՞նչ ելք կարող է ունենալ, ուկրաինահայ փորձագետն ասաց. «Կարող է հենց այսպես էլ ավարտվել՝ որպես ռազմական ուժի ցուցադրություն և այլևս ոչինչ: Բայց բացառել լարվածություն սահմանին՝ նույնպես չի կարելի»:

Ինչ վերաբերում է մեծ պատերազմին, ապա քաղաքագետը կասկածանքով է վերաբերում նման սցենարին:

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ Դոնբասում լարվածության աճից կարող են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան՝ Սյունիքում և Արցախում նոր բախումներ հրահրելու համար, Հակոբյանը նշեց, որ այդ սցենարն էլ է քիչ հավանական համարում: