FreeStyle

Սյունիք․ տրանսպորտային ուղիների պատերազմ

Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները անսպասելի էին՝ զուտ ժամանակագրության իմաստով։ Ենթադրվում էր, որ Հայաստանի այս հատվածի շուրջ լարվածությունը կսկսի աճել Արցախյան երկրորդ պատերազմից շուրջ չորս տարի անց, երբ ավարտին կմոտենար ռուսական խաղաղապահ առաքելության լիազորությունների ժամկետը, և Բաքուն, չկարողանալով դիմադրել Անկարայի ճնշումներին, կփորձի ստեղծել լարվածության նոր ու անկանխատեսելի օջախ։ Սա ենթադրություն էր, որի հիմքում ընկած էին պատերազմի ավարտին հաստատված իրողությունները, որոնք, սակայն, այս տարեսկզբին փոխվեցին և պատճառ դարձան, որ Ադրբեջանը շատ ավելի շուտ սկսի էսկալացիա հրահրելու իր փորձերը։

Խնդիրն այն է, որ թե՛ Բաքվին, թե՛ Անկարային թվում էր, որ Արցախի հարավային շրջանների օկուպացիան ու Սյունիքի արևելյան սահմանի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զորքերի տեղակայումը պիտի հանգեցներ մի իրավիճակի, երբ միջազգային բոլոր խաղացողները կհաշտվեին մտքի հետ, որ Սյունիքը և, հետևաբար, Հայաստանը դադարում է լինել տրանսպորտային կոմունիկացիոն հանգույցի մաս դառնալու հավակնություններ ունեցող պետություն, ինչն ավտոմատ կերպով Ադրբեջանին պիտի վերածեր տարածաշրջանային դոմինանտ պետության։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Հարավ-հյուսիս» հնդկական նախագծին, որի շուրջ խոսակցություններն ակտիվացան 2019 թվականին, և որը, նախնական ծրագրով, պիտի անցներ այդ թվում նաև Հայաստանի տարածքով՝ հասնելով մինչև վրացական ու ռուսական սևծովյան նավահանգիստներ։ Այսուհանդերձ, սա չափազանց կասկածելի ծրագիր էր՝ այն առումով, որ պահանջում էր հսկայական ներդրումներ, և դժվար էր ակնկալել, որ նույն Հնդկաստանը կարող է միակողմանիորեն ֆինանսավորել այս նախագիծը։ Ընդ որում՝ եթե անգամ Հնդկաստանը կարողանար հաջողեր գտնել ֆինանսավորման աղբյուր, ապա նախագծի շուրջ իրական աշխատանքները կարող էին սկսվել ոչ շուտ, քան, ասենք, 2025 թվականին։

Այս հաշվարկներն ի դերև եղան ընդամենը երկու ամիս առաջ, երբ Չինաստանը որոշեց էապես ընդլայնել իր աշխարհաքաղաքական ներկայությունը և Իրանի հետ կնքեց ընդհանուր առմամբ շուրջ 450 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր, որի բաղկացուցիչներից մեկը դարձավ Հնդկական օվկիանոս-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման գաղափարը։ Հետաքրքիրն այն է, որ Պեկինը Թեհրանին միջանցքի երթուղին որոշելու քարթ-բլանշ տվեց, և Իրանը միջանցքի մաս դառնալու առաջարկն արեց Հայաստանին։ Սա ենթադրելի որոշում էր, քանի որ, նախ, Իրանն իրեն չէր կարող թույլ տալ ամբողջապես կախված լինել միայն Ադրբեջանից, և, սրանից զատ, Ադրբեջանն ու Իրանն ունեն խնդիրներ, որոնք մի օր կարող են այս պետությունների հարաբերությունները մտցնել փակուղի։

Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չէր կարող համակերպվել նման սցենարի հետ՝ հատկապես որ հայկական կողմը համառորեն մերժեց Նախիջևանն Ադրբեջանին կապող ուղին անցկացնել Մեղրիով։ Իրավիճակը փոխելու և Հայաստանին որպես անվստահելի գործընկեր ներկայացնելու նպատակով ձեռնարկվեց տեղեկատվական բավական լուրջ գրոհ, որի հիմքում ընկած էր միտքը, թե Հայաստանի իշխանությունները «ծախել են» Մեղրին, որ խոսքը ոչ թե տրանսպորտային սովորական ուղու, այլ «միջանցքի» մասին է, որը դուրս է լինելու Հայաստանի սուվերեն վերահսկողությունից։ Տարօրինակ զուգադիպությամբ, տեղեկատվական այս ականը Սյունիքում պայթեց հենց այն ժամանակ, երբ Երևանում էր իրանական պատվիրակությունը, որը Հայաստան էր ժամանել «Հարավ-հյուսիս» միջանցքի շուրջ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ «Պայթյունը», ըստ երևույթին, ցանկալի արդյունքը չտվեց, ինչի արդյունքում, ևս մեկ տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածք սողոսկեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին։ Ընդ որում՝ կրկին «պատահաբար» Ղարիբաշվիլին Երևան էր ժամանել հենց Հնդկական օվկիանոս-Սև ծով տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների և Թբիլիսի-Երևան «գծերը ստուգելու» նպատակով։

Հեղինակ`Լևոն Սարդարյան. 1lurer.am