FreeStyle

Բանականության նիրհը հրեշներ է ծնում մեդիայում. Սամվել Մարտիրոսյան

Մոտենում ենք ընտրություններին։ Մոտենում ենք բացարձակապես դեֆորմացված մեդիադաշտով։ Այս ամենի մասին շատ է գրվել։ Բայց տվյալ պահին դեֆորմացիաները ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա։

Այսօր տարբեր հարցումերի տվյալների վրա հիմնվելով, կարելի է հանգել մի եզրակացության․ բնակչության մոտ երկու երրորդը չի ուզում մասնակցել ընտրություններին։

Մի մասը չի տեսնում իր ուզած թեկնածուներին։ Մյուս մասը պարզապես արդեն զզվել է քաղաքականությունից։ Ինչը նշաակում է, որ եթե հենց վաղը լինեն ընտրություններ, փոքրամասնությունը որոշում կկայացնի հոգնած և հիասթափված մեծամասնության փոխարեն։ Ինչն էլ ստեղծելու է հետագա երկարատև լարվածությունների մեծ ներուժ։

Բայց դեռ մոտ մեկ ամիս կա մինչև ընտրությունները։ Դա, անկասկած, սարսափելի կարճ ժամանակահատված է, որի ընթացքում գրեթե անհնարին է նորմալ քարոզարշավ իրականացնել։ Մյուս կողմից, իրավիճակն այնքան քաոտիկ է, այնքան արագ փոփոխվող, որ ինչ-որ առումով ժամանակը նույնիսկ շատ է։ Նույնիսկ մի քանի օրը կկարողանան արմատական փոփոխություններ մտցնել։

Կա հնարավորություն, որ իսկապես բնակչության մոտ մեկ երրորդը վերջում կհասնի քվեախցիկներին։ Իսկ կա նաև հնարավորություն, որ ընտրություններն անտեսող մեծամասնության մի հատվածին կստացվի համոզել՝ գնալ քվեարկելու։

Եվ այս դեպքում նույնիսկ փոքր քաղաքական ուժերը կունենան անսպասելի հնարավորություն հայտնվելու Ազգային ժողովում։

Երբ ընտրողների թիվը մեծ չէ, նույնիսկ համեմատաբար փոքր վիճակագրական շեղումը կարող է շատ բան փոխել ուժերի բաշխման մեջ։

Իսկ ինչպե՞ս կարող է ստեղծվել նման ուժերի վերաբաշխում։ Ընդհանրապես, ո՞նց է կատարվելու վերջնական ընտրությունը այն պարագայում, երբ ժամանակը մինչև ընտրությունները աննորմալ կարճ է։ Երբ քաղաքական ուժերի համախոհների հիմնական վերաբաշխումն արդեն կատարվել է բնակչության այն մեկ երրորդի շրջանակներում, որոնք այն պահին պատրաստվում են գնալ ընտրատեղամասեր։

Պարզ է, որ այս պահին վճռորոշ դեր է ունենալու լայն իմաստով մեդիան։

Այսինքն, քաղաքական փիառը, սոցցանցային մարքեթինգը, լրատվամիջոցների և սոցցանցային ակտիվիստների գործունեությունը, փորձագիտական դաշտը։ Այս ոլորտն է փորձելու ձևավորել կարծիք և տանել անորոշության թմբիրում գտնվող մարդկանց դեպի քվեատուփերը։

Իսկ ի՞նչ ունենք մեդիայի ոլորտում այս պահին։

Լրատվամիջոցների ճնշող մասը բացահայտ քաղաքական դիրքորոշում ունեն։ Այսինքն, դասական առումով, վերածվել են կուսակցական թռուցիկների։

Լրագրողներից շատերը սոցցանցերում դարձել են բացահայտ քաղաքական պայքարի մարտիկներ։ Այսինքն, համալսարանական կանոններն են խախտում։ (Հիմա նույնիսկ վտանգավոր է մատնանշել այս փաստը, ժողովրդական լեզվով ասած, թռնում են դեմքիդ)։

Փորձագիտական դաշտ։ Հմ․․․ Բացի մի քանի էջանոց փաստարկներից, որ կարող էի հիմա գրել փորձագիտական համայնքի սնանկ լինելու մասին, ավելի հետաքրքիր բան է կատարվելու։ Շուտով փորձագետների մեծ մասը շարասյուներով մտնելու են դաշինքների և կուսակցությունների ընտրական ցուցակներ։

Տեղեկատվական աղբյուրների տեսանկյունից հիմա կարծես տոնավաճառի էպիկենտրոնում գտնվես։ Եվ ամենահետաքրքիրը փսիխոդելիկ անուններով տելեգրամյան ալիքներն են, որոնք ունեն մոտ երկու հարյուր բաժանորդ, բազմաթիվ սեփական աղբյուրներ ՀՀ կառավարությունում, Կրեմլում, Պենտագոնում և Չորրորդ Ռայխի հաշվապահությունում, և ակտիվորեն մեջբերվում են լրատվամիջոցների կողմից։

Եվ իհարկե, ունենք Tiktok-ում երիտասարդներ, որոնք բերանը բացում ու փակում են կարկառուն քաղաքական վերլուծաբանների հայհոյախառը հայտարարությունների տակ։

Ու այս ամենը ու սրան գումարած նաև ադրբեջանական քարոզչությունը, ձեռքերը քշտած ազգովի տարածում ենք ու, կներեք արտահայտությանս համար, շեյրում աջ ու ձախ։ (Այստեղ կարող էր լինել կառավարության և կառավարության անդամների կողմից վարվող փնթի տեղեկատվական քաղաքականության մասին, բայց դրա մասին այնքան է ասվել, որ կրկնել հարկավոր չէ)։

Այսքանից հետո եթե ԱԺ-ում հանդիպեք տակավին անհայտ պայմանական Ղուկաս Վարդանյանին և իր «Անդրդելի ու անուղղելի հիմարների դաշինքը», չզարմանանք։

Մենք միասին ստեղծել են այնսպիսի տեղեկատվական դաշտ, որ այս մառախուղի մեջ ով ասես կարող է սողոսկել։

Սամվել Մարտիրոսյան

Աղբյուրը — media.am