FreeStyle

Կադրերը եղել են ու կան Փաշինյանի թույլ տեղը. վերլուծաբան

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարի հետ:

ArmDaily.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանն ասաց, որ չի պատկերացնում, թե ինչ փորձով կարող է Սինանյանը կիսվել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարի հետ:

«Ես ավելի լուրջ կմոտենայի հարցին, եթե այդ փորձով կիսվեր Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը նախարարությունը զրոյից ստեղծելու փորձ ունի ու նրա օրոք այդ գերատեսչությունը մի քանի անգամ ավելի բարձր արդյունք էր ցույց տալիս, քան այսօրվանը», – նկատեց Հակոբյանը:

Անդրադառնալով Զարեհ Սինանյանին, ուկարինահայ փորձագետը նշեց, որ անձամբ է ճանաչում Զարեհ Սինանյանին. «Զարեհ Սինանյանին անձամբ եմ ճանաչում: Նա Փաշինյանի դասական կադրերից է, որոնք, իմ կարծիքով, ոչ մի շոշափելի արդյունք չեն գրանցել:

Ես տեսել եմ, թե որքան դրական էր տրամադրված հայկական սփյուռքը Ուկրաինայում ամենասկզբում, բայց դժվարանում եմ ասել, թե փոխգործակցությունն ինչ վիճակում է այժմ: Ոչ մի շոշափելի համագործակցության նշույլ դեռևս չկա»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևում տեղի է ունեցել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՈՒկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարի հանդիպումը:

Տեղեկությունների համաձայն, Բոնդարը կարևորել է սփյուռքի հետ աշխատանքի փորձի փոխանակումը և իր պատկերացումներով է կիսվել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքների վերաբերյալ: Այդ կոնտեքստում կարևորվել է Հայաստանի փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցել:

Հայկա Ալոյան