FreeStyle

Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների թիվը կավելանա 15-ով

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 15-ով: Էլեկտրական լցակայանների տեղադրման նախաձեռնության հեղինակը Ուկրաինայի հայերի միությունն է:

Միության սոցիալական ծրագրի համակարգող Ռոման Չոբանյանը Banks.am-ին հայտնել է, որ 15 էլեկտրական լցակայանից 6-ն արդեն տեղադրվել են Արարատի մարզի Այնթափ գյուղում, Ապարան, Ստեփանավան, Աբովյան, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում: Դրանցով հնարավոր է լիցքավորել ցանկացած էլեկտրամոբիլ:

Նրա խոսքով, մնացած կայանները, հավանաբար, կտեղադրվեն Երեւանում:

Միությունն իր սոցիալական նախագիծը սկսել է դեռեւս 2019 թվականին՝ 5 էլեկտրական լցակայան բացելով Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում:

«Հույս ունենք, որ սրանով կնպաստենք Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանն ու օգտակար կլինենք էլեկտրամոբիլ գնել ցանկացողներին: Կայանների բացումը հանրապետության տարբեր մարզերում շարունակական է լինելու»,- նշել է Ռոման Չոբանյանը: